National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.09.2005
Սոցիալական արժեք ներկայացնող օրենքների նախագծերի քննարկումներ ԱԺ-ում

Սեպտեմբերի 14-ին շարունակվեց  Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին նախորդ նիստում քննարկված` «Անասնաբուժության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունները:

«Ավելացված արժեքի  հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Փոխնախարար ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Ըստ պարոն Խաչատրյանի`  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդուման նպատակը օրենքի կատարելագործումն է` հստակեցնել տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման դեպքերն ու ժամկետները, շահումով խաղերի, խաղատների բնագավառում պետական տուրքը գանձել 100 տոկոսի չափով, հստակեցնել տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետները:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը` տեղեկացնելով, որ այսօր սոցիալական ապահովագրության նպաստների հաշվարկման,  նշանակման եւ վճարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 1992 թ. նոյեմբերի 18-ի թիվ 584 եւ 1993թ. մարտի 10-ի թիվ 95 որոշումներով հաստատված կանոնադրություններով:Փաստորեն բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերը, այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց ապահովագրական նպաստների տրամադրումն առայժմ կանոնակարգվում է վերը նշված իրավական ակտերով, որոնք առաջացնում են մի շարք խնդիրներ: Նշվեց, որ ոլորտը կարգավորող ակտերը բազմիցս փոփոխությունների են ենթարկվել, որի հետեւանքով միեւնույն հարցը հաճախ կարգավորվում է տարբեր իրավական ակտերով, որոնք հաճախ մեկը մյուսին հակասում են, կան բազմաթիվ երկիմաստ մեկնաբանությունների հնարավորություն տվող, անհստակ, հաճախ իրարամերժ դրույթներ, կարգում ամրագրված  մոտեցումների  եւ սկզբունքների որոշ մասը հնացել են եւ համահունչ չեն սոցիալական պաշտպանության սկզբունքներին, սոցիալական պաշտպանության ոլորտի մի ստվար հատվածի զարգացումը ետ է մնում բարեփոխումներից, նպաստների հաշվարկման ամրագրված մոտեցումները հաճախ անտրամաբանական, անիմաստ են դարձնում նպաստի տրամադրումը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ընդգծեց, որ վերոհիշյալ հիմնախնդիրները հանգեցնում են նաեւ նրան, որ քաղաքացին ամբողջական պատկերացում չունի իր իրավունքների մասին` սոցիալական ապահովագրության նպաստների ոլորտում: Հաշվի առնելով վերը նշվածը` մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, որով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը եւ իրավական երաշխիքները, ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման` ապահովագրական նպաստների իրավունք տվող պայմանները, ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը: Ըստ պարոն Վարդանյանի` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Շահգալդյանը հարակից զեկույցում նշեց, որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը թելադրում է հանրապետության առկա վիճակը. ակնհայտ է, որ ոլորտը կարգավորող իրավական դաշտը հնացած է, եւ առկա դրույթները չեն համապատասխանումիրավահարաբերություններին: Պարոն Շահգալդյանը տեղեկացրեց, որ սույն օրենքի նախագծով ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետեւյալ տեսակի ապահովագրական նպաստներ` հիվանդության, պրոթեզավորման, հղիության ու ծննդաբերության,ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա հավաստիացրեց, որ տնտեսական եւ հասարակական կյանքի փոփոխությունները պարտադրում են անհատձեռներեցներին եւս ընդգրկել այս ոլորտում: Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկով` օրենքի նախագծում պետք է փոփոխություններ կատարել`միջին աշխատավարձի կարգի հաշվարկման առումով, երեք օրենքներն էլ պետք է ուժի մեջ մտնեն միեւնույն ժամանակ, ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված անձինք պետք է ապահովագրական նպաստներ ստանան, ինչպես վարձու աշխատողները:

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւս ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը` ընդգծելով, որ զբաղվածության ակտիվ քաղաքականություն իրականացնելու նպատակով պետք է մեծացնել աշխատաշուկայում անմրցունակ առանձին կատեգորիայի քաղաքացիների շրջանակը,բացի հաշմանդամներից ընդգրկել նաեւ ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից վերադարձած, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած եւ նրանց հավասարեցված երեխաները, դպրոցն ավարտած եւ ուսումը չշարունակած, մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները, ինչպես նաեւ առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակով անձինք:Նախարարի կարծիքով` օրինագծի ընդունումը նախատեսում է բարձրացնել ՀՀ աշխատաշուկա մտնող տարեկան մի քանի տասնյակ հազարից ավելի դպրոցի շրջանավարտների մրցունակությունը, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական պատրաստման դասընթացներ կազմակերպելու միջոցով, խրախուսել երկարատեւ աշխատանքային ստաժ ունենալու հանգամանքը եւ աշխատաշուկայի թարմացման նպատակով սահմանել երկարատեւ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու դեպքերը: Նշվեց, որ օրենքի նախագիծն անդրադարձել է նաեւ արտագնա աշխատանքների կազմակերպման ոլորտի հիմնախնդիրներին` դրանց կարգավորումը դիտելով որպես զբաղվածության պետական կարգավորման հիմնական եղանակներից մեկը: Ներկայացվող օրենքի նախագծով վերացվում են որոշ տեխնիկական անճշտություններ եւ կատարվում են մի շարք խմբագրական ուղղումներ. այն համապատասխանեցված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի եւ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: Պարոն Վարդանյանի հաղորդմամբ` բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից` ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանած կարգով, եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրենքի փոփոխությունը բխում է բնակչության զբաղվածության մասին ՀՀ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Աշխատանքի միջազգային կազմակերպությանընդունած եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Զբաղվածության աջակցության եւ գործազրկության դեպքերից պաշտպանության» թիվ 168 Կոնվենցիայի եւ նույնանուն թիվ 176 Հանձնարարականի եւ «Հաշմանդամների մասնագիտական վերականգնման եւ զբաղվածության» թիվ 159 Կոնվենցիայի եւ նույնանուն թիվ 168 հանձնարարականի պահանջներից: Պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվել են թաքնված զբաղվածությունը, նրա դրսեւորման ձեւերը, անօրինակ զբաղվածության տեսակները, տրվել են այդ երեւույթի բացահայտման եւ կանխարգելման եղանակները:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը որոշակի իրավահարաբերությունների կարգավորման առումով պետք է լրամշակվի: Նախարարը ընդգծեց, որ օրենքի նախագծով հստակեցվում են «միեւնույն պաշտոն», «հատուկ առաջադրանք» հասկացությունները: Քանի որ քաղաքացիական ծառայության համակարգում տեղի են ունենում համապատասխան մարմինների վերակազմակերպում կամ կառուցվածքային փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է կանոնակարգել նման դեպքերում քաղաքացիական ծառայողների վարձատրության խնդիրները, ինչը եւ իրականացվել էօրենքի նախագծով: Նշվեց, որ օրենքի նախագծում կարգավորվել է նաեւ արտամրցութային կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում քաղաքացիական ծառայողի վարձատրության խնդիրը: Սահմանվել է նաեւ հատուկ պայմաններում քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումների չափը, հստակեցվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի վճարման կարգը. օրենքի նախագծով քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատվելու դեպքում նախատեսվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրել փաստացի աշխատած ամիսներին համամա սնորեն: «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքը աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին նախատեսում է պարգեւատրում միայն հատուկ առաջադրանքի համար, օրենքի նախագծով աշխատավարձի տնտեսված միջոցներից պարգեւատրման առաջարկվող մեխանիզմը այն դարձնում է առավել ճկուն` առաջարկելով պարգեւատրել նաեւ քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հավաստմամբ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները հնարավորություն կտան զգալիորեն լրացնել քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորնած օրենսդրական լուծում պահանջող խնդիրները:

Հարակից զեկույցով հանդես եկան ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ավետիսյանը եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մնացական Պետրոսյանը` ներկայացնելով հանձնաժողովների դրական եզրակացությունը վերոնշյալ օրինագծի վերաբերյալ:

Քննարկվեցին նաեւ 1928 թվականի հունիսի 16-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» կոնվենցիան, 1970 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվենցիան (կից հայտարարությամբ), 1973 թվականի հունիսի 6-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) եւ 1921 թվականի նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված «Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում)» կոնվենցիան:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջում տեղի ունեցավ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am